
Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղարի՝ մշակույթի, սոցիալական հարցերի և զբոսաշրջության հարցերով տեղակալ Մեհդի Մազինանիին:
ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կարևորվել է ազատ տնտեսական գոտիների նշանակությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զբոսաշրջության զարգացման գործոն: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խթանել փոխգործակցությունը վերոնշյալ ուղղություններում:
Նշենք, որ ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների, Իրանից ժամանած զբոսաշրջիկները Հայաստան այցելությունների թվով երրորդ հորիզոնականն են զբաղեցնում։ Նրանց բաժինն ընդհանուր ծավալում կազմում է 8%: