
Արմինֆո.Հայաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել հայ բեռնափոխադրողները։ Պատճառը ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում կատարված փոփոխություններն են, որոնց համաձայն, առանց վիզայի ռեժիմով երկրների այն քաղաքացիները, ովքեր մուտք են գործում ՌԴ տարածք՝ ոչ աշխատանքի տեղավորման նպատակով (այսինքն ՝ առանց միգրացիոն քարտում համապատասխան նշման), կարող են երկրում գտնվել ոչ ավելի, քան 90 օր՝ 180-օրյա ժամանակահատվածում։
Այդ սահմանափակումը տարածվում է նաև բեռնա - և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների վրա, չնայած այն հանգամանքին, որ նրանք, գործնականում, կատարում են աշխատանքային գործառույթ:
Բեռնափոխադրողները պահանջում են վերադարձնել նախկինում գործող կարգը, երբ իրենք իրավունք ունեին 180 օր գտնվել ՌԴ-ում։ 90-օրյա ժամկետը բավարար չէ հայ փոխադրողների համար, հաշվի առնելով Վերին Լարսի անկայուն պայմանները, եղանակային պայմանները և այլն: Նման կարգավորումները հղի են տնտեսության համար հետեւանքներով, քանի որ խախտումները, նույնիսկ , եթե դրանք հարկադրված են, 3-10 տարի ժամկետով արգելք են սահմանում վարորդների ՌԴ մուտք գործելու համար:
Օրեր առաջ "Հայկական Կարիտաս" կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել էր, որ արդեն ստացվել են դիմումներ ՀՀ 74 քաղաքացիներից, որոնցից 13-14-ի դեպքում ՌԴ մուտքի արգելք է սահմանվել 5 տարի ժամկետով: Մյուսների նկատմամբ կիրառվել են տուգանային պատժամիջոցներ, այդ թվում ՝ սառեցվել են բանկային հաշիվները։
Ցուցարարներին է մոտեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգյանը, ով հավաքվածներին վստահեցրել է, որ պետությունն ավելի շատ է մտահոգված, քան իրենք ՝ վարորդները, և զբաղվում է այդ հարցի լուծմամբ: «Եթե ես հիմա գործընթացների վերաբերյալ ձեզ ավելորդ բան ասեմ, հնարավոր է, դա միայն վնասի։ Բայց, հավատացեք, ԵԱՏՄ-ում ամենաբարձր մակարդակով մենք զբաղվում ենք այդ հարցով, և հույս ունեմ, որ այն կլուծվի", - ասել է նախարարը, վստահեցնելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել արդյունքի հասնել։ Նա ընդգծել է, որ հայ բեռնափոխադրողների դեպքում 90 օրը չաշխատող տարբերակ է, քանի որ տարվա ընթացքում միայն 90 օր կարող են կանգնել Լարսում՝ եթե ոչ ավելի: Պապոյանը կոչ է արել հայ վարորդների համար ստեղծված իրավիճակը չհամեմատել ղազախստանցի, ղրղզ վարորդների հետ, նկատելով, որ վերջիններս չունեն "Վերին Լարս":
Սակայն վարորդները մտադիր չեն նահանջել։ Նրանք հայտարարել են, որ եթե խնդիրը չլուծվի, մտադիր են փակել ճանապարհները։
«Պահանջում ենք վերադարձ 180 օրվա։ Մենք Պապոյանին ասել ենք, որ դա մեր խնդիրը չէ, այլ՝ իրենց։ Մեզ համար տհաճ է փողոցում գիշերելը։ Բայց երբ անբարենպաստ եղանակային պայմաններ են, ո՞վ է մեղավոր, ե՞ս, նա՞։ Մոտենում ենք Լարսին՝ 3 հազար մեքենայի հերթ, օրական 200-300 մեքենայի թողունակություն. ո՞վ է մեղավոր ՝ նորից ես, թե՞ նա։ Մեզանից ոչ ոք։ Կրկին դուք։ Սրանք ձեր ծրագրային խնդիրներն են», - բողոքել են վարորդները։ Նրանք ընդգծել են, որ պետության կողմից խնդիրները պետք է լուծվեն պատշաճ ձևով, որովհետև դրանից է կախված տնտեսությունը: