Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025 11:34
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար

Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար

Արմինֆո.  Այս պահի դրությամբ հայ ֆերմերները մթերել են 205 հազար տոննա խաղող։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

Նա նշել է, որ այդ ծավալը 41 հազար տոննայով կամ 25 տոկոսով գերազանցում է նախորդ ողջ տարվա ընթացքում մթերված խաղողի տոննաժը։

 

Ավելի վաղ նախարարը կանխատեսել էր, որ 2025 թվականը կհաջողվի փակել 196-197 հազար տոննա ցուցանիշով։

 

Նշենք, որ ողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանում մթերվել է 164 հազար տոննա խաղող։

 

ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանն արտահանել է 12.7 հազար տոննա թարմ կամ չորացրած խաղող, ինչը 20.5%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Մաքսային արժեքը կրճատվել է 14,3%-ով՝ մինչև 10,9 մլն դոլար։ Հայաստանն խաղողի ավելի քան 83,5% - ը մատակարարում է ռուսական շուկա։

 

 Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի սկզբին ՀՀ կառավարությունը հաստատել է տնտեսվարող սուբյեկտների կողմից խաղողի մթերմանն ուղղված վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը:

 

Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում խաղողի մթերումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բյուջետային երաշխիքները տրամադրվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրված վարկերի գծով: Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի չափը չպետք է գերազանցի վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանվող արտադրանքի արժեքը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի նվազագույն չափը կազմում է 100 մլն դրամ։ Բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց լրացուցիչ ապահովման: Շահառուի կողմից վարկի գծով հիմնական պարտքի մարումը պետք է ուղղված լինի, առաջին հերթին, բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը: Բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև քսանյոթ ամիս մարման ժամկետով: