Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025 16:43
Ալինա Հովհաննիսյան

Հայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակություն

Հայաստան է ժամանել ավստրիական գործարար պատվիրակություն

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիական գործարար պատվիրակությանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում Ավստրիայի պատվավոր հյուպատոս Արամ Մարությանը, Ավստրիայի դեսպանության և ավստրիական «Kahlbacher Machinery GmbH», «Kapsch TrafficCom AG», «FREQUENTIS AG» ընկերությունների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են հայաստանյան մասնավոր և պետական կառույցների հետ համագործակցության հնարավորություններով։ 

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները՝ հատկապես տրանսպորտի ոլորտում։ Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը, համագործակցության ուղիներն ու տեսլականները, որոնք միտված են ենթակառուցքվածների զարգացմանը։ 

 

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերությունների գործունեության ոլորտները, հեռանկարներն ու ակնկալիքները։ 

 

Արմեն Սիմոնյանն անդրադարձել է օդային տրանսպորտի ոլորտում ՀՀ կառավարության իրականացվող աջակցության ծրագրերին և Եվրամիության EPIC հիմնադրամի աջակցությամբ իրակացվող ուսումնասիրությանը՝ ուղղված Հայաստանում ճանապարհների վճարի և բեռնատարների կշռման էլեկտրոնային համակարգի ներդրմանը։ 

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-օգոստոսին աճել Է 12,1% - ով ՝ կազմելով 40,7 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը գրանցել է 3,2 անգամ աճ ՝ մինչև 6,7 մլն դոլար՝ ներմուծման 0,6% անկման ֆոնին ՝ մինչև 34 մլն դոլար