Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025 14:33
Ալինե Գրիգորյան

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԶԲ ներկայացուցիչներին ծանոթացրել է երկրի սոցիալական պաշտպանության բնագավառի առաջնահերթություններին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ԱԶԲ ներկայացուցիչներին ծանոթացրել է երկրի սոցիալական պաշտպանության բնագավառի առաջնահերթություններին

Արմինֆո.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Լյուկ Ֆոչտմանին և ԱԶԲ Մարդկային և սոցիալական զարգացման գծով տնօրեն Սոֆիա Շաքիլին։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ ձևավորված և շարունակաբար զարգացող համագործակցությունը՝ շեշտելով ԱԶԲ դերը ոլորտային բարեփոխումների արդյունավետության բարձրացման գործում։

 

 Նախարարն առանձնացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայիս առաջնահերթությունները, որոնցից են բնակապահովման հարցերը, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները, մատնանշելով ԱԶԲ աջակցությունը հաշմանդամության գնահատման նոր համակարգի բողոքարկման մոդուլի ստեղծման աշխատանքներում, ինչպես նաև ներկայումս ամփոփման փուլում գտնվող «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերին, որոնք ուղղված են Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման հարցերին:

 

Զրուցակիցներն անդրադարձել են սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացում արձանագրված առաջընթացին։ Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ արդյունավետ համագործակցության դերը՝ անձի ֆունկցիոնալության գնահատման e-Disability էլեկտրոնային հարթակի ստեղծման և ներդրման շրջանակում։

 

Սոֆիա Շաքիլը բարձր է գնահատել մարդկանց դիմադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, և այդ ուղղությամբ ԱԶԲ հետ իրականացված աշխատանքները: Նա մեծապես ողջունել է ՀՀ-ում գործող սոցիալական քաղաքականությունը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանն ԱԶԲ-ին միացել է 2005 թվականին և ընդգրկված է խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում: ԱԶԲ-ն զբաղվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով՝ տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման խթանման միջոցով: Տրանսպորտի ոլորտում ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման գործում: Բանկի կայքում հրապարակված վիճակագրության համաձայն, 2018 թվականի վերջին ԱԶԲ- ն Հայաստանում իրականացրել է 1.32 մլրդ դոլար ընդհանուր գումարի 52 նախագիծ, որից 635 մլն դոլար ուղղվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, 172 մլն դոլար՝ քաղաքային ենթակառուցվածքին և ջրամատակարարմանը, 152 մլն դոլար՝ ֆինանսների, 142 մլն դոլար՝ էներգետիկայի, 140 մլն դոլար՝ վարչական կառավարման ոլորտներին: