
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանոնադրական կապիտալի ավելացման Հայաստանի Հանրապետության բաժանորդագրության գործիքին:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հիմնադրվել է 1991թ.: Բանկի բաժնետերեր են հանդիսանում 77 երկրներ, ինչպես նաև Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային բանկը: Հիմնադրման օրվանից Բանկը ներդրումներ է կատարել շուրջ 40 երկրների ավելի քան 7500 ծրագրերում` ընդհանուր 210 միլիարդ եվրո ծավալով: Բանկի ներդրումներն ուղղված են խրախուսելու անցումը դեպի բաց շուկայական միտվածություն ունեցող տնտեսություններ և խթանելու շահառու երկրներում մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները։
ՀՀ-ն Բանկին անդամակցել է 1992թ. ապրիլի 28-ին։ ՀՀ-ում Բանկը մասնակցել է 231 ծրագրերի ֆինանսավորմանը, ընդհանուր ներդրումային պորտֆելը կազմում է 2.491 մլն եվրո, որից 605 մլն եվրոն ընթացիկ ծրագրերի գծով: Մասնավոր հատվածում ներդրումների չափաբաժինը Բանկի պորտֆելում կազմում է 51%, գործառնական ակտիվները կազմում են 258 մլն եվրո, իսկ գործող պորտֆելի գործառնությունների քանակը՝ 60։ Բանկի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են ֆինանսական հատվածը, էներգետիկան և այլ ենթակառուցվածքները:
Հայաստանը նաև ՎԶԵԲ-ի դոնոր է (2015 թվականին ՀՀ-ն ստորագրել է 1 միլիոն եվրոյի ներդրումային համաձայնագիր Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի հետ)։
Նշվում է, որ ներկայում Բանկի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված «Կանոնադրական կապիտալի և դրա բաժանորդագրությունների ավելացում» թիվ 265 բանաձևի համաձայն ընթանում է Բանկի կանոնադրական կապիտալի ավելացման գործընթացը՝ 4 մլրդ եվրոյի չափով: Կապիտալի ավելացումը երաշխավորում է, որ Բանկը կշարունակի աջակցել շահառու տնտեսություններին՝ անցումային մարտահրավերները հաղթահարելու գործում, ինչպես նաև կօգնի Բանկին դիմակայել լայնածավալ աշխարհաքաղաքական լարվածություններին և կլիմայի փոփոխության երկարաժամկետ հետևանքներին։
ՀՀ ներկայիս մասնաբաժինը Բանկի կանոնադրական կապիտալում կազմում է 0.05%, իսկ ՀՀ-ի կողմից վճարված կապիտալը՝ 14.9 միլիոն եվրո: ՀՀ-ին առաջարկվել է բաժանորդագրվել լրացուցիչ 201 բաժնեմասի (ընդհանուր արժեքը՝ 2,010,000 եվրո), ինչը հնարավորություն կտա համամասնորեն ավելացնել կամ առնվազն պահպանել ՀՀ ձայնի իրավունքի կշիռը (կապիտալի ավելացման գործընթացին չբաժանորդագրվելու պարագայում, եթե Բանկի մնացած բոլոր անդամները բաժանորդագրվեն, ՀՀ ձայների իրավունքի կշիռը կնվազի մինչև 0.04%): Հարկ է նշել նաև, որ 2025 թվականի մայիսի 13-15-ը Լոնդոնում կայացած Բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարն արտահայտել է ՀՀ պատրաստակամությունը մասնակցելու Բանկի կանոնադրական կապիտալի ավելացման գործընթացին։
Հաշվի առնելով, որ Բանկը հանդիսանում է Հայաստանի զարգացման առանցքային գործընկերներից մեկը, իսկ 2024 թվականի մայիսի 14-16-ը Երևանում կայացած ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովից հետո ավելի է ամրապնդվել համագործակցությունը՝ հանգեցնելով Հայաստանում Բանկի ներդրումների ռեկորդային մակարդակի, բաժնեմասերի նոր բաժանորդագրությունը կդիտարկվի որպես ՀՀ-ի և Բանկի միջև արդյունավետ փոխգործակցությունը վերահաստատելու շարունակականությունն ապահովելու կարևոր քայլ: