
Արմինֆո. 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանն արձանագրել է նոր պատմական ռեկորդ՝ գրանցված աշխատատեղերի քանակով ։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գրանցված և եկամուտ բերող աշխատատեղերի թիվը հատել է 800 հազարի սահմանը՝ 805 687 մարդ: 2024թ. սեպտեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 37 140-ով կամ 4.8% - ով, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 222 912-ով կամ 38% - ով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 222 հազար աշխատատեղ», - ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանն անցել էր եկամուտների հարկման միասնական, հարթ սանդղակի: Արդյունքում՝ ներկայումս եկամտահարկի դրույքաչափը, անկախ եկամտի չափից, կազմում է 20%: «Սա նշանակում է, որ ավելորդ տոկոսները մնում են քաղաքացիների ձեռքում: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունում փող կա", - վստահեցրել է նա։