Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025 11:44
Ալեքսանդր Ավանեսով

Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ

Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ

Արմինֆո. Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները 2026 թվականին կկազմեն 31,2 մլրդ դրամ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է գերատեսչության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ ։

 

Նրա խոսքով՝ նշված գումարը վերաբերում է միայն ծրագրերի այն մասին, որոնք փակ բնույթ չեն կրում։ Ընդհանուր առմամբ, նման նախագծերը 4-ն են, որոնց շրջանակներում հաջորդ տարի պետք է իրականացվի 16 ծրագիր։ Մասնավորապես, բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի ծրագրին և շուկայի զարգացմանը նախատեսվում է ուղղել 21,1 մլրդ դրամ։ Այդ նախագծի հիմնական նպատակը ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է ՝ մասնագետների պատրաստման միջոցով։ Հաջորդ տարվանից նախատեսվում է սկսել ՏՏ ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերելու պիլոտային ծրագրի իրականացումը (ընդամենը 15 ենթածրագիր), որին կուղղվի 160 մլն դրամ ։ Բացի այդ, կշարունակվի զանգվածային ուսուցմանն աջակցության ծրագրի իրականացումը, իսկ բյուջետային հատկացումները կկազմեն 100 մլն դրամ։ Նախատեսվում է նաև անցկացնել 2 հաքաթոն, որոնց շրջանակներում տարբեր թիմեր կմրցեն տարբեր գաղափարներով և պրոդուկտներով, ինչին կուղղվի 60 մլն դրամ: Նախատեսվում է 2026 թվականին անցկացնել տարբեր դասընթացներ, որոնք 2009 թվականից անցկացվում են Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրված հուշագրի համաձայն: Այդ ծրագրի շրջանակներում 2026 թվականին կպատրաստվի 520 մասնագետ, ինչին կուղղվի 213 մլն դրամ։

 

Նշենք, որ, պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 37 մլրդ 352 մլն դրամ: Դա 10 մլրդ 157 մլն դրամով պակաս է 2025 թվականին սահմանված պետական բյուջեի ցուցանիշներից։