
Արմինֆո. Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև կհայտնվի, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա պարզաբանել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակմամբ Հայաստանը կստանա Քասախ-Իջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը, ինչը կբարձրացնի տրանսպորտային գրավչությունը: "Եթե նկատել եք, Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է նաև, որ իր համար այդ ճանապարհը բաց է և հետաքրքիր", - հավելել է նախարարը:
Անդրադառնալով Ղազախստան - Ադրբեջան-Հայաստան տարանցմանը՝ նա ընդգծել է, որ դա իրականում մի քանի խնդիր կլուծի։ Այդ առնչությամբ Պապոյանն, առաջին հերթին, անդրադարձել է Ղազախստանից ցորենի գնման բանակցություններին։ "Դա մեզ վրա թանկ էր նստում ՝ 280 դոլարի սահմաններում և ավելի բարձր ՝ տրանսպորտային բարձր ծախսերի պատճառով։ Բայց նոր երթուղիների ի հայտ գալու դեպքում այդ ծախսերը բավականին կնվազեն", - ընդգծել է նա։
Մասնավորապես, նա դիտարկել է երկու հնարավոր երթուղի ՝ Ակտաու-Էնզելի (Ղազախստան-Իրան) և Ակտաու-Բաքու (Ղազախստան-Ադրբեջան): Առաջին երթուղու դեպքում Ղազախստանից բեռը մատակարարվում է իրանական Էնզելի նավահանգիստ, որից հետո ցամաքային ճանապարհով ամբողջ Իրանով հասնում Է Մեղրի, որտեղից արդեն՝ Երևան: Այս առումով նախարարը նշել է, որ Իրանի այդ հատվածը, ինչպես Հայաստանի Սյունիքի մարզը, դժվարանցանելի է, քանի որ բարձրլեռնային է: "Իսկ եթե Ադրբեջանի երկաթուղով, դա բավական կարճ ճանապարհ է", - ասել է Պապոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին: Նրա խոսքով, դա նաեւ լավ ցուցանիշ է այն բանի, որ "Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունն այլեւս ոչ միայն թղթի վրա է, այլեւ գործնականում": Առաջին նման տարանցիկ բեռը Ղազախական ցորենի բեռն էր դեպի Հայաստան Ակտաու-Բաքու երկաթուղով ։
Նշենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսի անցակետով անցնող Ռազմավիրական ճանապարհն է ։