Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025 15:15
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար

Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար

Արմինֆո. Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումն աճել է ավելի քան 77% - ով ՝ կազմելով 71.4 մլն դոլար, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծավալը կազմել է 40.4 մլն դոլար: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով գտնվում է Գերմանիայում՝ մասնակցելու հայ - գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին։

 

Ընդ որում, նա ընդգծել է, որ 8 ամսում արտահանվել է ավելի շատ, քան ողջ 2024 թվականին։ "Դա կարեւոր է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումն ապահովելու տեսանկյունից", - ասել է էկոնոմիկայի նախարարը:

 

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ շուտով հանդիպում կունենա ավելի քան 40 գերմանացի գործարարների հետ՝ Հայաստանի ներդրումային և տնտեսական հնարավորությունները նրանց ներկայացնելու նպատակով: Այսօր տեղի կունենա նաև հանդիպում Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Ալոիզ Ռայների հետ:

 

"Իսկ վաղվանից սկսվում են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստերը, որոնք հայկական կողմից գլխավորելու եմ ես", - հավելել է Պապոյանը:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 5,3%-ով ՝ կազմելով 297,3 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 77,4% - ով ՝ մինչև 71,4 մլն դոլար, ներմուծման 17,4% - ով նվազման ֆոնին ՝ մինչև 226 մլն դոլար։