Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025 10:52
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին

Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը՝ տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։

 

 Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Ֆոնդն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի առաջընթացից՝ ընդգծելով շինարարության իրականացման բարձր տեմպերն ու արդյունքները։

 

Քրիստինե Ղալեչյանը ողջունել է Ֆոնդի ներկայացուցիչներին՝ ընդգծելով Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությայն արդյունավետությունը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ իրականացվող ծրագիրը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին, միաժամանակ կարևորել է ծրագրում ներգրավված կողմերի հետևողական աշխատանքը՝ որակի հսկողության, սոցիալական և բնապահպանական պահանջների համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ։

 

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի՝ Քաջարանի թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թունելաշինության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր, մասնավորապես՝ շինարարական լուծումների կատարելագործման, անվտանգային չափանիշների պահպանման և հավելյալ ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին։

 

Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ընդգծելով կարողությունների զարգացման և իրականացվող ծրագրերում նորարարական մոտեցումների կիրառման կարևորությունը։

 

Նշենք, որ "Հյուսիս - Հարավ" ավտոճանապարհային միջանցքի Ագարակից դեպի Քաջարան (4-րդ հերթ) հատվածում նախորդ տարվա վերջից իրականացվում է 360 մետր երկարությամբ թունելի անցում և ճանապարհային ենթակառուցվածքի բաղադրիչների բետոնապատում: Ճանապարհի այդ հատվածի կառուցման համար Հիմնադրամը հատկացրել է 150 մլն ԱՄՆ դոլար։ ԿԶԵՀ նախագծի շրջանակներում նախատեսվում է 32 կմ ճանապարհահատվածի, երկու թունելների (360 և 520 մետր) և 17 կամուրջների կառուցում, որոնցից մեկի երկարությունը գերազանցում է 720 մետրը:

 

Հայաստանի Հանրապետությունում "Հյուսիս - Հարավ" ավտոճանապարհային միջանցքի նախագծին ԿԶԵՀ մասնակցության ընդհանուր ծավալը կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար: Մայրուղին անցնում է երկրի 11 մարզերից 6-ով, այդ թվում ՝ Երևանով ։ Այն տարեկան օգտագործում է ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Նախագծի իրականացումը թույլ կտա բարելավել սպառման շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար և էապես ավելացնել երկրի տարանցիկ ներուժը: