Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025 11:11
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները

Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները

Արմինֆո Հոկտեմբերի 29-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները՝ կարևորելով երկու երկրների միջև նորարարական ներուժի և փորձի փոխանակման հնարավորությունները։ Քննարկման առանցքում են եղել նաև կիբեռանվտանգության, արհեստական բանականության (ԱԲ) և տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով տվյալ ուղղություններում Հայաստանի աճող ներուժը։

 

Իր խոսքում նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել դեսպանի այցը՝ որպես Հայաստանի և Արգենտինայի միջև տեխնոլոգիական ու գիտակրթական կապերի ամրապնդման կարևոր քայլ։ Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

 

Նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ընթացքը՝ ընդգծելով ոլորտի էկոհամակարգի ձևավորման առաջընթացը։ Նա նշել է, որ նախարարությունն իրականացնում է ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված նորարարական միջավայրի ձևավորմանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, կրթական ու գիտահետազոտական ծրագրերի աջակցմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

 

Դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը՝ պատրստակամություն հայտնելով նպաստել երկու երկրների տեխնոլոգիական համագործակցության խորացմանը:

 

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի ձևավորման հեռանկարները՝ ընդգծելով փորձի փոխանակման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։