Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025 12:56
Նաիրա Բադալյան

ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար

ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը։

 

Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն լուծելու հետևյալ հիմնախնդիրները՝ Հայաստանի սթրես-թեստի արդյունքում մշակված միջոցառումների ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների համար լրացուցիչ աջակցության տրամադրումը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացման նպատակով՝ հաշվի առնելով Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո քաղած դասերը (ներառյալ՝ վթարների դեպքում ջրածնի առաջացմամբ կապված վտանգները), աջակցության տրամադրում միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին և Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին։

 

Կոմիտեի և կենտրոնի կարողությունների բարձրացումը հնարավորություն կտա՝ դիտարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված «Անվտանգության պարբերական հաշվետվությունը», գնահատել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունը անվտանգության գործող կանոնների և նորմերի պահանջներին, գնահատել ՀԱԷԿ-ի սթրես-թեստի ազգային պլանում և անվտանգության բարձրացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացումը, հասնել միջուկային անվտանգության մշակույթի, միջուկային անվտանգության ու ճառագայթային պաշտպանության չափանիշների արդյունավետ իրականացմանը։