
Արմինֆո. Հայաստանցի զբոսաշրջիկները Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են։ Այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սակստատ) երրորդ եռամսյակի տվյալները։
Վիճակագրության համաձայն, երրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է ժամանել 3 միլիոն միջազգային ոչ ռեզիդենտ, ինչը 6,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նրանց շրջանում ամենամեծ բաժինը կազմել են 31-50 տարեկան ճանապարհորդները՝ 40,7%: Ընդհանուր այցելություններից 2,5 միլիոնը կատարվել են միջազգային այցելուների կողմից, ինչը նույնպես 6,8 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։ Միջազգային զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հասել է 2,2 միլիոնի (+7,6%), իսկ զբոսաշրջային ուղևորությունների թիվը՝ 2,0 միլիոնի, ինչը 9,0% - ով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Զբոսաշրջիկները Վրաստան են ժամանել, հիմնականանում, Ռուսաստանից՝ այցելուների ընդհանուր թվի 26,1% - ը, Թուրքիայից՝ 16,5% - ը, Հայաստանից՝ 11,8%: Ամենաշատ այցելվող տարածաշրջաններն են՝ Թբիլիսի ՝ 1 306,3 հազար այցելություն, Աջարիա՝ 1 274,4 հազար այցելություն։ Կեցության միջին տևողությունը կազմել է 6,3 գիշեր, ինչը 2,1% - ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (6,2 գիշեր): Ընդ որում, այցելությունների 73,3 տոկոսը կրկնակի բնույթ է կրել, հաղորդում է "Գրուզիա օնլայնը"։