Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025 10:53
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում

Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեի և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն,  զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական Միության միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ընթացիկ և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ՝ ընդգծելով համատեղ օրակարգի և նախագծերի իրականացման կարևորությունը։

 

Քննարկվել են էներգետիկայի ոլորտի տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև տրանսպորտային ոլորտում ճանապարհային անվտանգության բարձրացման, բարեփոխումների իրականացման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ուղղությունները։

 

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով։