Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025 10:58
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ

Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ

Արմինֆո.  2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝  Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

 

Նրա խոսքով՝ բյուջեի միջոցներն ուղղվելու են 5 ծրագրերի և 34 միջոցառումների իրականացմանը: Նշված միջոցներից 23,1 մլրդ դրամ նախատեսվում է օգտագործել ջրային տնտեսության համակարգի առողջացման խնդրի լուծման համար, որի 57,7 տոկոսը նախատեսվում է ուղղել կապիտալ շինարարությանը:

 

Նախարարը նշել է, որ հաջորդ տարի շարունակվելու է Կապսի ջրամբարի կառուցման նախագծի իրականացումը, և այդ ծրագրի համար կներգրավվի 7,7 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև վերաբնակեցնել Ջրաձոր գյուղի բնակիչներին, որը ջրածածկ կլինի:

 

Բացի այդ, ինչպես շարունակել է նախարարը, 3,7 մլրդ դրամ նախատեսվում  է ուղղել ջրային տնտեսության համակարգի կարողությունների բարելավմանը, եւս 7 մլրդ դրամ սուբսիդավորման տեսքով կստանան ջրօգտագործողների միությունները, եւ 1,3 մլրդ դրամ կուղղվի "ջրառ" ընկերության ծրագրերի համաֆինանսավորմանը:

 

Նախատեսվում է նաև 1 մլրդ դրամ ուղղել 12 փոքր ջրամբարների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության և մշակման, ինչպես նաև  Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի  ջրամբարների կառուցման մեկնարկին: Գործող ջրամբարների արդիականացմանը կուղղվի 264,3 մլն դրամ։