Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025 14:00
Ալեքսանդր Ավանեսով

2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ

2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ

Արմինֆո.2026 թվականին Երեւանի քաղաքապետարանին պետբյուջեից կհատկացվի շուրջ 56 մլրդ 567 մլն դրամ: Այդ մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագծով Երեւանի քաղաքապետարանին նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:

Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ առկա դրամաշնորհային միջոցներով նախատեսվում է 15.1 մլրդ դրամ, սուբվենցիոն ծրագրերով՝ 1.3 մլրդ դրամ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ 8.2 մլրդ դրամ եւ շինաշխատանքների ավարտի համար նախատեսվում է 2.4 մլրդ դրամ, որը հիմնականում Բուսաբանական այգու եւ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման համար է նախատեսված: Մետրոպոլիտենի ենթակառուցվածքի նորոգման համար նախատեսվել է 2.5 մլրդ դրամ, Աջափնյակ մետրոյի նոր կայարանի փաստաթղթերի համար նախատեսված է մոտ 2 մլրդ դրամ, իսկ Մետրոպոլիտենի սուբսիդիան նվազել է՝ դառնալով 1 մլրդ դրամ:

Քաղաքապետի խոսքով պետական աջակցությամբ իրականացվում են 10 մլրդ դրամի շինարարական տարբեր աշխատանքներ, տարբեր հատվածներում:

ԱԺ հաղորդագրության համաձայն, Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են: Եթե 2023 թվականին Երեւանի քաղաքապետարանն ուներ 30 մլրդ դրամից մի փոքր ավելի սեփական եկամուտներ, ապա 2025 թվականին արդեն սեփական եկամուտների մակարդակը հասել է մոտ 92 մլրդ դրամի:

Քաղաքապետը նաեւ նշել է, որ սեփական եկամուտների աճին զուգահեռ նվազել են պետական բյուջեից հատկացվող գումարները:

Վերոնշյալ հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետները ներկայացել են 2026 թվականին մարզերին ուղղված ֆինանսական հատկացումների պատկերը:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: