Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025 16:05
Ալեքսանդր Ավանեսով

ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը

ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը

Արմինֆո.2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի 11 տրլն 934 մլրդ դրամի։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով ԱԺ-ում քննարկումների արդյունքները։

 

Նրա խոսքով՝ հաջորդ տարի տնտեսական աճը կկազմի 5,4 տոկոս։ Պետական բյուջեի եկամուտները սպասվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամի չափով, որից հարկային մուտքերը կկազմեն 2 տրիլիոն 973 միլիարդ դրամ: Հարկային վարչարարության կատարելագործման, ստվերային տնտեսության դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության բարելավում 0,4 տոկոսային կետով:

 

Նախարարը նշել է, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսված են 3 տրլն 628 մլրդ դրամի չափով, որից 2 տրլն 924 մլրդ դրամը ընթացիկ ծախսերն են, իսկ 704 մլրդ դրամը՝ կապիտալ: Համախառն ներքին արդյունքի նկատմամբ դրանք կկազմեն 5,9%: Համապատասխանաբար, ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 30,4% - ը, ինչը 0,8 տոկոսային կետով պակաս է 2025 թվականին ակնկալվող ցուցանիշից ։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսված է 537 մլրդ դրամի չափով։

 

Իր հերթին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել է, որ մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը: Նա հաղորդել է, որ 2026 թվականին բյուջեի պակասուրդը 5,5-ից կիջեցվի մինչեւ 4,5 տոկոս։ Սա, ինչպես կարծում է Կենտրոնական բանկի ղեկավարը, նախընտրական տարում շատ կարեւոր ազդակ է բոլոր պոտենցիալ գործընկերների եւ ներդրողների համար։ "Ունենք տնտեսական աճի բարձր տեմպեր և ցածր գնաճ", - ասել է Մարտին Գալստյանը:

 

Նշենք, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված օրինագծին, որն այժմ կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում: