
Արմինֆո. Հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում։ Այդ մասին նոյեմբերի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ հացահատիկով առաջին բեռնատար շարժակազմը պետք է գար միայն Ղազախստանից, սակայն հետագայում պարզվեց, որ Ադրբեջանը տարանցման հնարավորություն է տվել նաև Ռուսաստանի Դաշնությանը: Այսպիսով, ղազախական հացահատիկով բեռնված շարժակազմը դեռ չի հասել հասցեատիրոջը, սակայն այն արդեն մոտ է։
Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս գեներացվում են հայտեր նույն երթուղով որոշ ապրանքատեսակների մատակարարման համար, ինչը կարող է որակվել որպես բեռների վերախմբավորում: Փաշինյանը չի բացառել, որ իրավիճակը փոխվում է գրեթե ամենօրյա ռեժիմով, քանի որ գնալով ավելի շատ հայտեր են ստացվում ։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել հակառակ ուղղությամբ ապրանքների առաքմանն առնչվող հարցերը։
"Ժամանակի ընթացքում Հայաստանի հասարակայնությունը կիմանա նաև այդ մասին։ Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ խոսքը շատ կարևոր իրադարձության մասին է։ Հերթական անգամ հայտարարում եմ Մարգարա-Կոռնիձոր տրանսպորտային երթուղին գործարկելու մեր պատրաստակամության մասին, որով Հայաստանն իր տարածքով կապահովի թուրքական և ադրբեջանական բեռների տարանցումը՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից՝ Թուրքիա", - ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախօրեին գիշերը Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով տարանցմամբ ավելի քան 30 տարի անց Հայաստան է ժամանել ռուսական հացահատիկով բեռնված շարժակազմը: Այսօր նույն երթուղով սպասվում է նաև հացահատիկ Ղազախստանից ։