
Արմինֆո. Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 124-րդ սեսիային։
Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Պապոյանն իր ելույթում բարձր է գնահատել Կազմակերպության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ զբոսաշրջության ոլորտում` նշելով, որ 1997 թվականից ի վեր UNWTO-ին անդամակցելու ընթացքում Հայաստանն իրականացրել է նախաձեռնություններ, որոնք ուղղված են եղել կայուն, ընդգրկուն և նորարար զբոսաշրջության ամրապնդմանը։
Նախարարի խոսքով՝ այդ նախաձեռնություններն իրականացնելիս հիմնական առաջնահերթություններն են եղել համայնքների հզորացումը, մշակութային ժառանգության պահպանումն ու փորձառնական զբոսաշրջության խթանումը։
«Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ երկարատև խաղաղության կառուցմանը։ Խաղաղության այս ճանապարհով առաջ շարժվելուն զուգընթաց, զբոսաշրջությունը կշարունակի կենտրոնական դեր խաղալ Հայաստանի ամենօրյա օրակարգում։ Զբոսաշրջությունը միավորում է մարդկանց, կամուրջ է ստեղծում մշակույթների միջև և խթանում փոխըմբռնումը», - նշել է Գևորգ Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Կազմակերպության հետ, աջակցել նրա կարևոր առաքելությանը, կիսվել փորձով, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել զբոսաշրջության ոլորտի առաջմղման ուղղությամբ։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1.734 մլն զբոսաշրջիկ, ինչը 0.8% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: