Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025 11:12
Ալինա Հովհաննիսյան

Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտում

Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտում

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։

 

Արման Խոջոյանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներդրումների ներգրավման տեսանկյունից գրավիչ ոլորտները։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սլովենական կողմին տրամադրել Հայաստանի տնտեսական հեռանկարները փաստաթուղթը և երկու երկրների գործարար համայնքների միջև կազմակերպել հանդիպումներ և համաժողովներ։

 

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ դեղագործությունը, շինարարությունը և գյուղատնտեսությունը։

 

Սլովենական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել զարգացնել ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ «Հայկական բրենդիի» արտահանումը խթանելու և սլովենական շուկայում շուկայահանելու հնարավորությունները։

 

Երկուստեք կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ Հռչակագիրը, որով նշանավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծվել է, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանան տնտեսական աճի և կայունության համար։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների հաշվետվություններում Սլովենիան չի հիշատակվում Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում։