Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025 12:19
Ալինա Հովհաննիսյան

Զբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժը

Զբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժը

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել էԿատարի զբոսաշրջության նախագահ Սադ բին Ալի ալ Խարջիի հետ։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Կատարի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների կառավարությունների միջև գործող իրավական շրջանակը և աճող փոխադարձ հետաքրքրությունը։

 

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ թեև առկա են զբոսաշրջային հոսքերի զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ուղղակի ավիահաղորդակցություն և փոխադարձ վիզայաթող պայմաններ, այցելությունների ներկայիս ցուցանիշները դեռևս չեն արտացոլում երկկողմ համագործակցության ողջ ներուժը։

 

Կողմերը կարևորել են համատեղ մարքեթինգային նախաձեռնությունների իրականացումը և անդրադարձել հայկական կողմի առաջարկին՝ 2025 թվականին Հայաստանում կազմակերպել երկկողմ աշխատանքային խմբի հանդիպում։ Քննարկման նպատակն է վերլուծել զբոսաշրջային միտումները, ներկայացնել նոր արտադրանքներ և ձևավորել համագործակցության նոր ուղղություններ։

 

Լուսինե Գևորգյանը Կատարի զբոսաշրջության ղեկավարին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու 2025 թվականի նոյեմբերի 21–23-ը Երևանում կայանալիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը կծառայի որպես երկկողմ գործակցության ամրապնդման հարթակ։

 

Կատարի պատվիրակությունը նաև հրավիրվել է ներկա գտնվելու Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությանը, որը կկայանա 2025 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում։

 

Հանդիպումն անցել է փոխադարձ հետաքրքրությամբ և պատրաստակամությամբ՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը զբոսաշրջության զարգացման ոլորտում։

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Կատարից Հայաստան է այցելել 230 զբոսաշրջիկ, ինչն 8%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։