Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025 12:28
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրություն

Հայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրություն

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշոր ինժեներական «HBL India» ընկերության ներկայացուցիչների հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։

 

Ընկերությունը տարիներ շարունակ առաջատար դիրք է զբաղեցնում նորարարական արտադրանքների մշակման և արդյունավետ լուծումների բացահայտման գործում՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում։

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

 

Նշենք, որ HBL Engineering Ltd - ն (նախկինում HBL Power Systems) հնդկական ինժեներական ընկերություն է, որը հիմնադրվել է 1977 թվականին՝ Հայդերաբադում: Մասնագիտանում է բարձր տեխնոլոգիական մարտկոցների (կապարաթթվային, նիկել-կադմիումային, լիթիում-իոնային և այլն), ինչպես նաև ավիացիայի, երկաթուղիների, պաշտպանության և հեռահաղորդակցության համակարգերի մշակման և արտադրության մեջ: Բացի այդ, ընկերությունը արտադրում է երկաթուղային Էլեկտրոնիկա․ ազդանշանային համակարգեր, զինամթերքի էլեկտրոնային պայթուցիչներ, գնացքների բախումը կանխարգելող համակարգեր և այլն։

 

HBL-ն ակտիվորեն արտահանում է իր արտադրանքը. ներկայացուցչական գրասենյակներ կան ԱՄՆ-ում, ԵՄ-ում, իսկ նրա լուծումներն օգտագործվում են ավելի քան 80 երկրներում: Արտադրության որակը հաստատվում է միջազգային հավաստագրերով (ISO և այլն):