
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող «CII Partnership Summit 2025»-ի պաշտոնական ընդունելության շրջանակում զրուցել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուի հետ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։
«Հաղորդակցության ամրապնդումը կարևոր քայլ է մեր տնտեսական համագործակցության և մարդկանց միջև շփումների ընդլայնման ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հունվարին Armenian Airlines ավիաընկերությունը հայտարարել էր Երևան-Դելի ավիահաղորդակցության մեկնարկի մասին, որը պետք է դառնար Հայաստանն ու Հնդկաստանը կապող առաջին ուղիղ չվերթը: Ակնկալվում էր, որ չվերթների իրականացումը կսկսվի փետրվարի 21 - ից ՝ շաբաթական 2 անգամ հաճախականությամբ ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 220 ուղևորի համար նախատեսված Airbus 321-200 օդանավերով: Սակայն այդ հայտարարությունից հետո տվյալ ավիահաղորդակցության իրականացման մասին որևէ տեղեկություն չի ստացվել։