
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանն առաջարկել է քաղաքում տրանսպորտային կոլապսի հետ կապված իրավիճակի նոր լուծում. կստեղծվի երթևեկության կառավարման կենտրոն: Համապատասխան օրենքի նախագիծը նոյեմբերի 18-ին ավագանու նիստում ներկայացրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ Երևանում երթևեկության կազմակերպումը լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Վերջինս հաղթահարելու համար քաղաքապետարանն առաջարկում է կիրառել թվային գործիքակազմ։ Նորաստեղծ կենտրոնի գործառույթներից է լինելու Երևանում երթևեկության կազմակերպման և կառավարման հետ կապված տարբեր միջոցառումների և նախագծերի իրականացումը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ 2026 թվականի համար նախատեսված է 2 խոշոր նախագիծ. առաջինը հասարակական տրանսպորտի դիսպետչերացման համակարգն է։ Գրիգորյանը պարզաբանել է, որ այն բարեփոխումներին, որոնք քաղաքապետարանն արդեն իրականացրել է հանրային տրանսպորտի ոլորտում, անհրաժեշտ է ավելացնել ժամանակացույցի պատշաճ կազմակերպումը և հասարակական տրանսպորտի երթևեկության հոսքի կառավարում:
Երկրորդ նախագիծը նախատեսում է երթևեկության հոսքի հետ կապված ճշգրիտ հաշվարկների իրականացում, ինչը կարող է ապահովվել թվային գործիքների, տեխնոլոգիական լուծումների միջոցով: "Նշեմ, որ նման կառույցի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց է առաջացել", - ընդգծել է Գրիգորյանը:
Նման կենտրոնի ստեղծման առնչությամբ, ինչպես նշել է նա, ավագանու հաջորդ նիստի ժամանակ կքննարկվի "Երևան Տրանս" կազմակերպության լուծարման հարցը, հաշվի առնելով մի շարք գործառույթների նմանությունը, որոնք կդրվեն կենտրոնի վրա:
Միաժամանակ, պատասխանելով ավագանու անդամների հարցերին, փոխքաղաքապետը հայտարարել է, որ նոր կազմակերպության ստեղծման առնչությամբ բյուջեի վրա էական ծանրաբեռնվածություն չի լինի: Նա ընդգծել է, որ "Երեւան տրանսի" եւ Երթեւեկության կառավարման կենտրոնի ֆինանսավորման տարբերությունը կազմում է Երեւանի սեփական եկամուտների ընդամենը 0,16 տոկոսը: