Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025 10:43
Ալինա Հովհաննիսյան

Երևանում բացվել է "Հայաստան-Ֆրանսիա" առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչությունը

Երևանում բացվել է "Հայաստան-Ֆրանսիա" առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչությունը

Արմինֆո.  Երեւանում տեղի է ունեցել "Հայաստան-Ֆրանսիա" առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) հայաստանյան ներկայացուցչության (CCIFA) պաշտոնական բացումը:

 

CCIFA-ն արդեն ավելի քան 30 տարի ծառայում է որպես տնտեսական երկխոսության և ռազմավարական համագործակցության հարթակ Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Առևտրաարդյունաբերական պալատի գործունեության նպատակն է աջակցել երկկողմ ներդրումների խթանմանը, մրցունակ ճյուղերի զարգացմանն ու Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայուն և երկարաժամկետ տնտեսական գործընկերությանը։

 

Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ առևտրաարդյունաբերական պալատի ներկայությունը Հայաստանում նոր հնարավորություններ կբացի ֆրանսիական կապիտալի ներգրավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և Հայաստանում արտադրված ապրանքների՝ ֆրանսիական ու եվրոպական շուկաներ մուտք գործելու համար:

 

Նախարարը վստահություն է հայտնել, որ ԱԱՊ-ը կդառնա հարթակ, որտեղ հանդիպելու են նոր գաղափարներ, նոր նախաձեռնություններ և՛ հայկական, և՛ ֆրանսիական ընկերությունների համար։

 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, գործարար շրջանակների և դիվանագիտական համայնքի այլ ներկայացուցիչներ։

 

Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի և Ֆրանսիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է տարեկան 43,1% - ով՝ կազմելով 162,4 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 22,8% - ով՝ մինչև 4,8 մլն դոլար՝ ներմուծման 47%  կամ  մինչև 157,6 մլն դոլար աճի ֆոնին։