
Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Advanced Micro Devices (AMD) ամերիկյան խոշորագույն ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են ընկերության Ծրագրային ապահովման զարգացման ավագ տնօրեն Խանգ Դաոն, Ծրագրային ապահովման զարգացման տնօրեն Մեհրդադ Էսլամի Դեհկորդին, Ներմուծման և արտահանման ավագ մենեջեր Ջեյմս Չիկը, Միջազգային կապերի և համագործակցության գծով տնօրեն Գրանթ Գարդները։
Հանդիպմանը տեսակապով միացել է Դեն Գիբոնսը՝ ընկերության ինժեներիայի գծով փոխնախագահը, ով նաև պատասխանատու է Հայաստանում AMD-ի գործունեության համար։
Քննարկվել են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու հնարավորությունները։ Հանդիպմանն ընդգծվել է, որ օգոստոսին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ընձեռում AMD-ի հայ մասնագետների գիտելիքներն ավելի արդյունավետ կիրառելու համար։
AMD-ն ինտեգրալ միկրոսխեմաների և էլեկտրոնիկայի ամերիկյան արտադրող է, կենտրոնական պրոցեսորների, գրաֆիկական պրոցեսորների և ադապտերների, ինչպես նաև չիպսեթների խոշորագույն արտադրողներից մեկը: