Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025 10:35
Ալեքսանդր Ավանեսով

Փոխնախարար․ էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսական ներուժի ընդլայնման տեսանկյունից

Փոխնախարար․ էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսական ներուժի ընդլայնման տեսանկյունից

Արմինֆո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Էլեկտրոնային առևտրի օրենսդրության մոտարկում» թեմայով աշխատաժողովը։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը (ԵՄ)՝ վերջինիս ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մշտադիտարկմանը, իրականաց­ման­ն ու հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում աշխատաժողովը կազմակերպելու համար։ Նա ընդգծել է, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսական ներուժի ընդլայնման, մրցունակության բարձրացման և թվային շուկաներին լիարժեք ինտեգրվելու տեսանկյունից։

 

«Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը չի սահմանափակվում միայն էլեկտրոնային առևտրի կարգավորմամբ, այն ներառում է նաև թվային տնտեսության, նորարարական ենթակառուցվածքների, գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաև կրթության և մարդկային կապիտալի զարգացման լայն ոլորտներ»,– նշել է Ռուբեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում մրցունակ թվային էկոհամակարգի ձևավորմանը, խթանում են ՓՄՁ-ների նորարարական կարողությունների աճը, ամրապնդում են գիտության և արդյունաբերության համագործակցությունը և արագացնում Հայաստանի ինտեգրումը համաեվրոպական թվային ու նորարարական շուկաներ։

 

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակներն ու դրույթները։ Քննարկումների ընթացքում պարզաբանվել են նախագծի կիրառելիությանը, հնարավոր մարտահրավերներին ու ոլորտային առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր։