Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025 12:51
Մարիաննա Մկրտչյան

ՊԳԿ կենտրոնակայանում քննարկել են ԵԱՏՄ դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում

ՊԳԿ կենտրոնակայանում քննարկել են ԵԱՏՄ դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում

Արմինֆո 2025թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանում անցկացվել է «Եվրասիական տնտեսական միության դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջոցառումը, որին ԵԱՏՄ կողմից ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը:

 

Ինչպես հաղորդում է Իտալիայում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրզստանի մշտական ներկայացուցիչները, Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը:

 

ՀՀ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը իր ելույթում խոսել է ագրոարդյունաբերական շուկայի կարգավորման և թվային գործիքների ներդրման ուղղությամբ ԵԱՏՄ անդամ երկրների գրանցած առաջընթացի, գյուղատնտեսության ոլորտում թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառման մասին:

 

Ներկայացնելով ՀՀ վարչապետի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մշտական ներկայացուցիչ Վ.Կարապետյանը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան աներկբայորեն կամրապնդի արտահանումը և առևտուրը ԵԱՏՄ շրջանակներում:

 

Այնուհետև խոսել է գալիք տարի Հայաստանում Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) անցկացման մասին, հույս հայտնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրները բարձր մակարդակով ներկայացված կլինեն, իսկ ՊԳԿ-ը ակտիվ ներգրավվածություն կունենա միջոցառմանը:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և գյուղատնտեսության նախարար Գոհար Բարսեղյանը հանգամանալից ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված արդյունքները և ԵԱՏՄ դերը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման գործում: