Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025 13:03
Ալինե Գրիգորյան

Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո Վարշավայում տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի և Լեհաստանի Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկու երկկողմ հանդիպումը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման ընթացիկ հնարավորությունները և համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով երկու երկրների միջև տեխնիկական ու ինստիտուցիոնալ փոխգործակցության աճող դերը։

 

Քննարկվել է նաև առևտրաշրջանառության զարգացման, կապիտալ շուկաների զարգացման, ԵՄ ստանդարտներին և կարգավորումների համապատասխանության, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, ժամանակակից ոռոգման, անասնաբուծության և խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Լեհաստանի և ԵՄ գործընկերների ներգրավվածության հնարավորությունները։ Լեհական կողմը ներկայացրել է փորձի փոխանակման և գիտատեխնիկական համագործակցության պատրաստակամությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունների շրջանակում իրականացված քայլերը, ինչը զգալիորեն մեծացրել է երկկողմ ներդրումային համագործակցության ներուժը։

 

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը կնպաստի տնտեսության դիմադրողականության, արտահանման ընդլայնման և երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը։