Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025 16:46
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մասնակցում է QTM Qatar միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Դոհայում

Հայաստանը մասնակցում է QTM Qatar միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Դոհայում

Արմինֆո.Նոյեմբերի 24–ից 26-ը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն և մի շարք բիզնեսի ներկայացուցիչներ մասնակցում են QTM Qatar միջազգային ցուցահանդեսին Դոհայում։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, Հայաստանի տաղավարը կներկայացնի հայկական գաստրոնոմիան, գորգագործությունն ու ձեռագործ մշակույթը, ինչպես նաև զբոսաշրջային ամբողջական առաջարկը։

 

Պատվիրակությունը ցուցահանդեսին մասնակցում է Քաթարի Պետության զբոսաշրջության վարչության հրավերով:

 

Ցուցահանդեսին Հայաստանի ներկայացվածության կապակցությամբ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հույս է հայտնել, որ ուղիղ ավիաչվերթների մեկնարկի և համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար կբացվի ևս մեկ հետաքրքիր և արդյունավետ ուղղություն:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն,  2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Քաթարից Հայաստան է այցելել 230 զբոսաշրջիկ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 8% - ով։

 

Նշենք, որ QTM-ը իրեն դիրքավորում է որպես համաշխարհային զբոսաշրջության և գործարար համագործակցության կարևոր հարթակ. դա ոլորտի մասնագետների հանդիպումների, գործընկերության զարգացման և գաղափարների փոխանակման ֆորում է: QTM-ի հիմնական գործառույթներից մեկը B2B matchmaking-ն է, որը թույլ է տալիս մասնակիցներին ստեղծել գործարար կապեր և հաստատել գործընկերություն: QTM Qatar-ն ընդգրկում է բազմաթիվ զբոսաշրջային ուղղություններ․ գործարար զբոսաշրջություն, ժամանց, բժշկական զբոսաշրջություն, մշակութային զբոսաշրջություն, մարզական զբոսաշրջություն և այլն: 2024 թվականին ցուցահանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 25-27-ը և հավաքել է ավելի քան 10 678 այցելու և մոտ 300 ցուցահանդես՝ շուրջ 60 երկրներից: