Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025 11:55
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում շարունակվում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի իրականացումը

Հայաստանում շարունակվում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի իրականացումը

Արմինֆո. Հայաստանում շարունակվում է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի իրականացումը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակներում նախաատեսվում է յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմի առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով թարմացում։ Պետությունը տնտեսվարողներին տրամադրում է ֆինանսական օժանդակություն՝ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային լիզինգների տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով, տրակտորներ, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, շարքացաններ,  գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ,   սրսկիչներ, տրակտորային կցասայլակներ, այլ գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բրելու համար։

 

Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով՝ 2% տոկոսադրույքով, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ դրա արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և գյուղատնտեսական կոոպերատիվների (0%)։ Նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 500 մլն դրամը։ Ծրագրի շրջանակում շահառուները վճարում են լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով կանխավճար, իսկ մինչև 2026թ. դեկտեմբերի 30-ը ֆինանսական կառույցների հետ լիզինգի տրամադրման պայմանագիր կնքած գյուղատնտեսական կոոպերատիվների համար սուբսիդավորվելու է լիզինգի առարկայի արժեքի 20% կանխավճարի 30%-ը, բայց ոչ ավելի, քան 2.5 մլն ՀՀ դրամը։ Պայմանագիրը կնքվում է 3-10 տարի մարման ժամկետով։ Ծրագրի  նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծումն է։

 

Նշվում է, որ 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել 3326 լիզինգառուի։ Տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի քանակը՝ 5080 միավոր (1725 միավոր տրակտոր, 21 միավոր կոմբայն և 3334 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա)։  Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը շուրջ 27․9 մլրդ դրամ է: