
Արմինֆո. Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ վճարելու էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը։ ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունն են ստացել նոյեմբերի 26-ին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ փոփոխություններով նախատեսվում է ևս մեկ տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել ներմուծվող էլեկտրական մեքենաների, էլեկտրական ավտոբուսների, տրոլեյբուսների, մոտոցիկլետների և մոպեդների հարկման արտոնյալ համակարգը: Այս պահի դրությամբ տվյալ տրանսպորտային միջոցներն ազատված են ԱԱՀ վճարումից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: Այդ արտոնությունը գործում է 2019 թվականից և, հաշվի առնելով դրական արդյունքները, նպատակահարմար է համարվել արտոնությունը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ գործում է նաև էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային վճարների գծով արտոնությունը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2022 թվականին երրորդ երկրներից Հայաստան է ներմուծվել 7 հազար միավոր փոխադրամիջոց, իսկ 2023-2025 թվականների համար սահմանված քվոտան կազմել է տարեկան 8 հազար Էլեկտրամոբիլ։ Հարկային արտոնությունների կիրառման արդյունքում զգալիորեն աճել են հանրապետության ներքին շուկա էլեկտրամոբիլների մատակարարման ծավալները։ Մասնավորապես, 2023 թվականին ներմուծվել է 10980 միավոր տեխնիկա, որոնց մատակարարման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 78% - ով, 2024 թվականին այդ ծավալները գերազանցել են 11700 միավորը (22% աճ)։ Այս տարի, ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստան է ներկրվել 3 էլեկտրական ավտոբուս, 14888 ավտոմեքենա, ինչն արդեն 3 հազարով ավելի է ողջ նախորդ տարվա ցուցանիշից: Ներմուծվել է նաև 2634 մոտոցիկլետ և մոպեդ։
Պապոյանը նշել է, որ ներմուծվող տրանսպորտային միջոցների համար առաջարկվող արտոնությունը տարածվելու է միայն 2024 թվականին և դրանից հետո արտադրված էլեկտրամոբիլների վրա: