Արմինֆո.Նոյեմբերի 24-27-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ընթացող «Agro Pack 2025» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 10 ընկերության արտադրանք։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերություններին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց արտադրանքը, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկրներից ներկայացված արտադրողներին։
Հայկական տաղավար է այցելել նաև Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող Ռաֆայել Մովսեսյան։
Այնուհետև ՀՀ հյուպատոսարանում, հյուպատոսի մասնակցությամբ, կազմակերպվել է հանդիպում ցուցահանդեսին մասնակցող հայ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանից դեպի Իրաք արտահանման հնարավորությունը և ընթացակարգերը։
Հանդիպման մասնակիցները շեշտել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և հյուպատոսարանի աջակցությունը և պատրաստակամությունը հայկական արտադրանքը Իրաքի շուկայում առավել ճանաչելի դարձնելու գործում։ Կարևորվել է նաև ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը՝ նշելով, որ դա ևս մեկ հնարավորություն է՝ նոր գործընկերներ գտնելու, փոխշահավետ կապեր հաստատելու և հայկական արտադրանքը ներկայացնելու առումով։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 59,9% - ով՝ կազմելով 248,3 մլն դոլար: Ընդ որում, այդ ծավալի 99,5% - ը բաժին է ընկնում արտահանմանը ՝ տարեկան 59,6% աճով՝ ներմուծման 2,7 անգամ աճով՝ մինչև 1,1 մլն դոլար: