Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025 18:25
Ալինա Հովհաննիսյան

Armenian Cloud Summit-ին ներկայացվել է Հայաստանի պետական կառավարման թվային փոխակերպման ճանապարհային քարտեզը

Armenian Cloud Summit-ին ներկայացվել է Հայաստանի պետական կառավարման թվային փոխակերպման ճանապարհային քարտեզը

Արմինֆո.Ամպային տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգում ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև ռազմավարական քայլ՝ վարժվելու ապահովել թվային անվտանգություն և արագ թվայնացում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ Armenian Cloud Summit-ին իր ողջույնի խոսքում:

 

«Մենք պետք է սովորենք ադապտացվել այսօրվա իրականությանը, որոշ դեպքերում ճարտարապետենք այդ իրականությունը և կառուցենք անվտանգ, մասշտաբավորվող և ճկուն ենթակառուցվածքներ, որը կծառայի մեր քաղաքացիներին, կավելացնի մեր ազգային մրցունակությունը՝ խթանելով մասնավոր ներդրումները»-ընդգծել է նա:

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, համաժողովն իրականացվել է նախարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ։ Վերջինիս նպատակն էր ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու հարթակ ստեղծել պետական-մասնավոր համագործակցության համար ամպային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրման համար պետական կառավարման համակարգում։

 

Համաժողովի շրջանակում նախարարի առաջին տեղակալը մասնակցել է նաև «Ամպային տեխնոլոգիան՝ թվային վերափոխման և մասնավոր ներդրումների խթանիչ» թեմայով պանելային քննարկմանը։ Նա նշել է, որ ամպային ծառայությունները հնարավորություն են տալիս բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը՝ նվազեցնելով ծախսերը և բարելավելով գործընթացների դինամիկան։ Այս համատեքստում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ընդունած «Ամպային առաջինը» քաղաքականության նպատակն է արագացնել որակյալ և արդյունավետ թվային նոր լուծումների ներդրումը։

 

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումները՝ ամպային լուծումների դերի, ինովացիայի, մասշտաբելիության և մասնավոր ներդրումների խթանման ուղղություններով։

 

Երկօրյա միջոցառման օրակարգը ներառել է թեմաներ, ինչպիսիք են՝ Հայաստանի թվային հավակնությունները, գլոբալ ամպային լուծումների փորձը, ամպային ծառայությունների գնման առանձնահատկությունները, ամպային ենթակառուցվածքների և արհեստական բանականության լուծումների փոխկապակցվածությունը, ինքնիշխան և անվտանգ ամպերի ձևավորումը, միջազգային հաջողված փորձի օրինակները, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների դերը մասնավոր ներդրումների խթանման գործում թեմաները։

 

Armenia Cloud Summit-ը եզրափակվել է Հայաստանի պետական կառավարման թվային վերափոխման ճանապարհային քարտեզի ներկայացմամբ, որը համադրում է միջազգային փորձը և ազգային ռազմավարական առաջնահերթությունները։