Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025 15:52
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ՀԲ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում

Հայաստանն ու ՀԲ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ թվային զարգացման բաժնի ղեկավար Իզաբել Նետոյի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են ՀԲ հետ ծրագրերի շարունակակնությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝  երկրի տնտեսական աճն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով կապի և տվյալների ենթակառուցվածքների, թվային հարթակների ներդրման և օգտագործման, դրանց անվտանգության բարձրացմանն առնչվող թեմաներ։

 

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նշված ուղղություններով նախարարության կատարած աշխատանքներն ու հետագա ծրագրերը։ Նախարարի տեղակալն ադրադարձել է նաև պետական և մասնավոր հատվածներում թվայնացման և կիբեռանվտանգության ներդրման գործընթացներին, այդ ուղղությամբ ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

 

Իզաբել  Նետոն ընդգծել է ՀԲ պատրաստակամությունը նշված ուղղություններով դիտարկելու աջակցության հնարավորությունները՝ առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու համար։

 

Կարևորվել է պետական և մասնավոր հատվածներում առավել ժամանակակից թվային գործիքների ներդումը, ընդհանուր նպատակի շուրջ տարբեր նախարարությունների կողմից համակարգված աշխատանքների իրականացումը, այս համատեքստում՝ նախագծերի կառավարման և տեխնիկական փորձաքննության կարողությունների զարգացումը, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու առաջ եկած խնդիրների լուծման արդյունավետությունը։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու քննարկումները՝  հնարավոր աջակցության առավել արդյունավետ տարբերակները կանխորոշելու համար։