Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025 14:24
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին

Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին

Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեում կայացել է հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլիի միջև։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները; Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացում և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում; երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի հաստատում, ներառյալ առցանց հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների միջև և երկիր ներկայացում երկու կողմերի միջև; զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։

 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսներին Իրաքից Հայաստան է այցելել 968 զբոսաշրջիկ, ինչը 81,7 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: