Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025 11:37
Նաիրա Բադալյան

Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը դեկտեմբերի 1-ից 5-ը Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Դելիում մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպա­տակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի 18-րդ տա­րե­կան համաժողովի շրջանակում անցկացվող Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հան­դի­պմանը։

 

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավար Հասան Զարիրի հետ վարել է համաժողովը։ Հատկանշական է, որ այս տարի ավարտվում է Հայաստանի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահ հանդիսանալու ժամանակաշրջանը և Հայաստանի փոխարեն համանախագահ կդառնա Ճապոնիան։

 

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Էդուարդ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի նախաձեռնության կողմից որդեգրված սկզբունքների կարևորությունը տարածաշրջանի երկների համար՝ հատկապես դրանց նշանակությունը հարկային եկամուտների հավաքագրման, հարկային կարգապահության բարձրացման և ապօրինի հարկային հոսքերի դեմ պայքարի տեսանկյունից։ ՊԵԿ նախագահն ընդգծել է նաև, որ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման ստանդարտների ներդրումն այլընտրանք չունեն և Հայաստանը եղել և շարունակելու է մնալու առաջամարտիկ այս ստանդարտների ներդրման և շարունակական լավարկման հարցում։

 

Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ Ասիայի նախաձեռնության համանախագահության ընթացքում ցուցաբերած աջակցության և համատեղ ջանքերի համար՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր իրականացնել Ասիայի նախաձեռնության անդամ երկրների կողմից սահմանված հավակնոտ ծրագրերը և ռեֆորմները։

 

Ասիական նախաձեռնությունը, որին անդամակցում են 18 երկրներ, ստեղծվել է 2022 թվականին՝ ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փո­խա­նակ­ման Գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տարածաշրջանում թափանցիկության և տեղե­կութ­յուն­ների փոխանակման միջազգային ստանդարտների կիրառումն ավելի նպատակային և հաս­ցե­ական դարձնելու նպատակով։