Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025 11:48
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզային, համայնաքային իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Եղեգնաձոր, Արենի և Ջերմուկ համայնքների ղեկավարները։

 

Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 120,5 մլն եվրո է։

 

 «Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է», - նշել է Գևորգ Պապոյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Վայոց ձորում նախատեսվող ներդրումները ներառելու են ճանապարհների վերականգնում, առողջարանային, գինու և ագրոտուրիզմի զարգացում, HoReCa ոլորտի ուսուցում, ինչպես նաև թանգարանային, արկածային և մշակութային ենթակառուցվածքների բարելավում։

 

Նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է տեղական աշխատանքային խումբ՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, նա նաև պատասխանել է մասնակիցների հարցերին և անդրադարձել նրանց առաջարկներին։

 

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 734 247 զբոսաշրջիկ, ինչը 0,8% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։