
Արմինֆո. Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը, որը, սակայն, կտարածվի բացառապես 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո արտադրված մեքենաների վրա։ Այդ մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ով առաջին ընթերցմամբ ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունները։
Նախարարի խոսքով՝ այժմ գործող արտոնությունն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, հիմա առաջարկվում է այն երկարաձգել հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Հարկային արտոնությունները կտարածվեն էլեկտրական շարժիչներով այն մեքենաների վրա, որոնք արտադրվել են 2024-2026 թվականներին: Այդ արտոնությունը գործում է 2019 թվականից և, հաշվի առնելով դրական արդյունքները, նպատակահարմար է համարվել երկարաձգել այն:
Միաժամանակ, ինչպես հիշեցրել է Պապոյանը, գործում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած քվոտաների շրջանակներում էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային վճարների գծով արտոնությունը: Հանձնաժողովի տվյալներով՝ 2022 թվականին երրորդ երկրներից Հայաստան է ներմուծվել 7 հազար միավոր փոխադրամիջոց, իսկ 2023-2025 թվականների համար սահմանված քվոտան կազմել է տարեկան 8 հազար Էլեկտրամոբիլ։ Դեկտեմբերի 2-ի դրությամբ, հաջորդ տարվա համար նման քվոտա դեռ չկա։
Հարկային արտոնությունների կիրառման արդյունքում զգալիորեն աճել են հանրապետության ներքին շուկա էլեկտրամոբիլների մատակարարման ծավալները։ Մասնավորապես, 2023 թվականին ներմուծվել է 9635 միավոր տեխնիկա, որոնց մատակարարման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 75% - ով, 2024 թվականին այդ ծավալները գերազանցել են 11700 միավորը (22% աճ)։
Այս տարի, ըստ Պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի նոյեմբերի 19-ի տվյալների, Հայաստան է ներկրվել 16381 ավտոմեքենա, 7 ավտոբուս և 2479 միավոր մոպեդ և մոտոցիկլետ:
Նախարարը նշել է, որ էլեկտրամոբիլների ներմուծումը թույլ կտա զարգացնել "կանաչ տնտեսությունը", հին ավտոպարկը փոխարինել նորով: Պապոյանը նաև հաղորդել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում փաստաթղթում փոփոխություններ կկատարվեն, որոնց համաձայն, արտոնությունները կտարածվեն նաև բեռնատար ավտոտրանսպորտի վրա:
Նշենք, որ ներկայացված փաստաթղթի շուրջ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։