Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025 16:46
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով

Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև Լատվիայի Հանրապետության ԱԳՆ առաջին երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Ուլդիս Միկուցը, ով ներկայացրել է Լատվիայի դիրքորոշումները և համագործակցության հնարավորությունները։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է Լատվիա կատարած իր նախորդ այցի արդյունքները, տեխնոլոգիական ընկերություններում ունեցած հանդիպումները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ընթացող համագործակցությունը։ Անդրադարձել է նաև ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, նորաստեղծ ստարտափների ներգրավմանը միտված նախաձեռնություններին, կիբեռանվտանգության ոլորտում հանրության իրազեկման ծրագրերին, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումներին և ենթակառուցվածքների բարելավմանը։

 

Դեսպան Մեդնեն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցության զարգացման ու խորացման լայն հնարավորություններ կան։ Նա կիսվել է լատվիական փորձով և պատրաստակամություն հայտնել աջակցել համատեղ նախաձեռնություններին։

 

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես, թվային գրագիտության ոլորտում փորձի փոխանակմանը, մասսայական վերապատրաստման ծրագրերի շրջանակում գործնական աջակցությանը, կիբեռանվտանգության ոլորտում համատեղ քայլերին, ինչպես նաև ԵՄ չափանիշների ինտեգրման անհրաժեշտությանը։

 

Անդրադարձ է կատարվել նաև համատեղ այլ ծրագրերի իրականացմանը՝ կարևորելով գիտահետազոտական (R&D) նախագծերի ուղղությունը։

 

Ամփոփելով` կողմերը պայմանավորվել են համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կազմակերպել փորձի փոխանակման ծրագրեր։