Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025 11:37
Ալինե Գրիգորյան

Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար

Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ՝ քննարկելու ընթացիկ տարվա ընթացքում երկու երկրների լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքները։

 

Հայաստանի ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն, Սերգեյ Դանկվերտը գոհունակություն է հայտնել սահմանային անցակետերում բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողության զգալի բարելավման կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ, համատեղ ջանքերի շնորհիվ, ապրանքների չներկայացման դեպքերը ավելի քան 70 տոկոսից նվազել են մինչև 6 տոկոսի։

 

Կայացած բանակցությունների արդյունքում, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքների ներկայացմամբ, կվերականգնվեն նաև «Ռոկ Բերի» ՍՊԸ-ի կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի մատակարարումները։

 

Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել դիտարկել և վերականգնել մատակարարումները նաև այլ ձեռնարկություններից՝ այն դեպքերում, երբ կներկայացվեն անհրաժեշտ նյութերը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքները։

 

Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հետաքրքրվածությունը կենդանիների տարբեր հիվանդությունների դեմ ռուսական պատվաստանյութերի ներմուծման հարցում։

 

Բացի այդ, կողմերը քննարկել են ՖԳԻՍ «Արգուս-Ֆիտո» և ԱԻՍ «Արմֆիտոս» տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որն իրականացվում է բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի տեղաշարժի հետագծելիության ապահովման նպատակով։ Ներկայումս տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում, իսկ Ռոսսելխոզնադզորի կողմից կապահովվի տվյալների փոխանակման լիարժեք տեխնիկական հնարավորություն։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 10-ին Հայաստանից 3 տրանսպորտային միջոցներում  74,9 հազար հատ ծաղիկների կարանտինային բուսասանիտարական վիճակի հաստատման ընթացքում հայտնաբերվել էր Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային օբյեկտ ՝ արևմտյան ծաղկային թրիփս (Frankliniella occidentalis Perg.)։ Հունիսի 16-ին "Ռոսսելխոզնադզոր"-ը տեսակապի ձևաչափով բանակցություններ էր վարել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ՝ հանրապետությունից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների հարցի շուրջ: Բացի այդ, Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն էր ուղարկվել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝  սպառիչ միջոցներ ձեռնարկելու և մատակարարվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու խնդրանքով։