Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025 14:09
Ալեքսանդր Ավանեսով

"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի

"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի

Արմինֆո. Վրաստանի Կախեթի մարզը տարեկան արտահանում է 200 մլն դոլարի գինեգործական արտադրանք, իսկ Հայաստանի Վայոց ձորի մարզը՝ ընդամենը 2-2, 5 մլն դոլարի։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն պնդումները, թե Վայոց ձորի մարզը վերածվել է խոշոր գինեգործական տարածաշրջանի: 

Շարժման համակարգողի խոսքով՝ հաճախ պաշտոնյաների արձագանքները կտրված են իրականությունից։ Վայոց ձորում, իրոք, գտնվում են գինեգործության աշխարհի հնագույն հուշարձանները, և մարզն ունի դարավոր ավանդույթներ, սակայն դա ինքնին դեռևս չի դարձնում այն տնտեսապես ձևավորված գինեգործական կենտրոն։ Ողջ Հայաստանն արտահանում է մոտ 15 անգամ ավելի քիչ գինի, քան՝ միայն Կախեթի մարզը։ Կարապետյանի ասելով՝ երբ խոսում են գինեգործական կենտրոնի մասին, նկատի ունեն տասնյակ միլիոնավոր դոլարների արտահանում և արտադրություն, ինչպես նաև հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր գալիս են հենց գինու տուրիզմի համար: Կարապետյանը նաև կասկածի տակ է դրել էկոնոմիկայի նախարարի մասնագիտական իրավասությունը, նշելով, որ նա աշխատել է առևտրի ոլորտում որպես մարքեթինգի մասնագետ և, իր կարծիքով, չունի փորձ, որը թույլ տա գնահատել գինեգործության ոլորտի իրական մասշտաբները: 

Կարապետյանը պատասխանել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն այն մասին, որ դպրոցներն, իբր չեն փակվում, այլ միայն «միավորվում են։ Շարժման համակարգողի ասելով՝ Սյունիքի մարզում, փաստացի, փակվում է մոտ 45 դպրոց։ Նա նշել է, որ միավորումը կարող է լինել արդարացված, երբ մեկ բնակավայրում միավորվում է երկու փոքր դպրոց։ Սակայն հինգ տարբեր համայնքներում ուսումնական հաստատությունների փակման եւ ձմռանը երեխաների համար լեռնային ճանապարհներով մինչեւ 10 կմ հաղթահարելու անհրաժեշտության դեպքում խոսքը, փաստորեն, դպրոցների գործունեության դադարեցման, այլ ոչ թե՝ միավորման մասին է։ Կարապետյանն ընդգծել է, որ նման քաղաքականությունը հանգեցնում է նաեւ ուսուցիչների դրույքաչափերի կրճատմանը գյուղերում, որտեղ ուսուցիչները հաճախ մնում են միակ պետական ծառայողները: Նրա խոսքով ՝ դա նշանակում է դադարեցնել պետական աշխատավարձերի մուտքերը գյուղեր, ինչը լուրջ հարված է հասցնում տեղի տնտեսությանը: 

Պատասխանելով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի այն հայտարարությանը, թե մարզի խնդիրների մասին խոսում են Սյունիքից հեռու մարդիկ, Կարապետյանը նշել է, որ մարզպետը նման հետևություններ անելիս չի ուսումնասիրել իր կենսագրությունը: Նա ընդգծել է, որ մայրական կողմից ծնունդով Գորիսից է, իսկ արմատներով՝ Տեղ գյուղից։ Կարապետյանի խոսքով ՝ հենց Տեղ գյուղից է, որ գործող իշխանության բանակցությունների արդյունքում, առանց լուրջ դիվանագիտական դիմադրության, Ադրբեջանին են հանձնվել հարյուրավոր հեկտար հողեր։ Կարապետյանը հավելել է, որ դրա հետևանքով Տեղում գյուղատնտեսությունը լուրջ վնասներ է կրել, իսկ անասնագլխաքանակը կրճատվել է մոտ երկու անգամ, և այդ ամենը, ըստ նրա, տեղի է ունեցել ներկայիս մարզպետի պաշտոնավարման շրջանում: Որպես գործնական առաջարկ՝ նա դիմել է մարզպետին ՝ հորդորելով լուծել Սիսիանի Թասիկ գյուղի ջրամատակարարման խնդիրը, որտեղ բնակիչները տարվա կեսը ստիպված են ջուրը ձեռքով տանել: Կարապետյանը պայմանավորվածություն է առաջարկել․ եթե մարզային իշխանությունները խնդիրը չլուծեն, իրենք պատրաստ են դա անել արագ և արդյունավետ, միակ պայմանով, որ իշխանությունները չխոչընդոտեն գործընթացին: