
Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը: Վրաստանի Առաջին ալիքի եթերում, անդրադառնալով Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցին, նա նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի "հատուկ բարեկամ" է, եւ երկու երկրների կառավարությունների համար դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել ցանկացած հարցի շուրջ։
Կոբախիձեն հաղորդել է, որ Աշխաբադում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, և բանակցությունների առարկան Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական ձևաչափն էր: "Մեզ համար ադրբեջանական կողմի շահերը միանգամայն ընդունելի են, ինչպես նաև՝ հայկական կողմի շահերը։ Մենք ունենք մեր շահերը, և ես կարծում եմ, որ ելնելով բանակցությունների արդյունքներից, մենք հեշտությամբ կգտնենք լավագույն ճանապարհը, որը բավարարի բոլոր երեք երկրների շահերը", - հայտարարել է Կոբախիձեն։
Դեկտեմբերի 8-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին Վրաստանի սակագնային քաղաքականության պատճառով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին: Սակայն հայկական կողմը, մինչ այդ խնդրի բարձրաձայնումը Բաքվից, չէր հաղորդել, որ Ադրբեջանի հետ բանակցություններ են ընթանում Հայաստան էներգառեսուրսների մատակարարման շուրջ։ Հայտնված տեղեկատվության ֆոնին Հայաստանի իշխանությունները հրաժարվել են այդ մասին տեղեկատվություն ներկայացնել, հղում անելով գաղտնիությանը, սակայն հաստատել են, որ նման բանակցություններ ընթանում են:
Ավելին, մատակարարումների հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնումից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրահանգել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցումն իրականացնել անվճար: