Չորեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2025 19:16
Ալեքսանդր Ավանեսով

Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվել արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP) կիրառմանը, որը էականորեն նպաստել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, երկկողմ առևտրի զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային, ագրոպարենային ու անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Նախարարը կարևորել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու TRIPP նախաձեռնության իրականացմանը՝ ընդգծելով, որ այդ ծրագրերը նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական կապերի խորացմանը։