
Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան՝ դեկտեմբերի 18-ին կսկսվի Ադրբեջանից նավթամթերքի արտահանումը Հայաստան:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր կուղարկվի 22 վագոն SOCAR-ի արտադրած ԱԻ-95 մակնիշի բենզին:
Նշենք, որ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես առեւտրային բնույթ է կրում, և բենզինն իրացվելու է միջազգային շուկայականին համապատասխանող գներով:
Դեկտեմբերի 8-ին Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության տարածած հայտարարության մեջ հաղորդվում էր, որ դեկտեմբերի 5-ին Թբիլիսիի գործընկերներից Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա տարանցում իրականացնելու հարցում է ստացվել. "Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ վրացական երկաթուղիներին հանձնարարվել է անհապաղ մեկանգամյա հիմունքով իրականացնել երկաթուղային տրանսպորտով բեռների անվճար փոխադրում":
Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ խաղաղության օրակարգը ոչ միայն դեկլարատիվ բնույթ է կրում, այլև գործնականում իրագործվում է։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտների հայեցակարգը և կարևոր քայլ է երկու երկրների միջև տնտեսական-առևտրային կապերի ձևավորման ուղղությամբ: Այն նաեւ կնպաստի տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը եւ ապագայում տարածաշրջանի երկրների միջեւ կապերի ընդլայնմանը: