Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2025 19:07
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀ արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան Ալ-Խատիբի հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Կարևորելով ներդրումների իրականացումը կրթության ոլորտում՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը։

 

Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։

 

Մտքեր են փոխանակվել նաև դեղագործական արտադրության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության վերաբերյալ։

 

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար և հրավիրել Հասան Ալ֊Խատիբին մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

 

Նշենք, որ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Եգիպտոս արտահանվող ապրանքների մաքսային արժեքն աճել է մի քանի անգամ՝ կազմելով 747.5 հազար դոլար, ներմուծվող ապրանքներինը՝ 10.3 տոկոսով՝ մինչեւ 81.8 մլն դոլար։