
Արմինֆո. Turkish Airlines (THY) ավիաընկերությունը հաջորդ տարվա գարնանից կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլից դեպի Երևան: Այս մասին Twitter-ի (X) իր էջում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Նրա ասելով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արվել ։ "Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթները Ստամբուլ-Երևան - Ստամբուլ երթուղով", - գրել է նա:
Ավելի վաղ ավիաընկերությունն արդեն հայտարարել էր դեպի Հայաստան չվերթներ իրականացնելու մտադրության մասին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ Սերդար Քըլըչը եւ Ռուբեն Ռուբինյանը, ովքեր արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել: