
Արմինֆո.2026 թվականի համար Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսված է 151,4 մլրդ դրամ եկամտային մաս, ծախսայինը՝ 156,7 մլրդ դրամ, և պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 23-ին ավագանու նիստի ժամանակ հաղորդել է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։
Միաժամանակ, նա նշել է, որ Երևանի սեփական եկամուտները կհասնեն 94,8 մլրդ դրամի, ինչը 2025թ. համեմատ 4,6 մլրդ դրամով կամ 5,2%-ով ավելի է։ Բյուջեից նախատեսված են 8.2 մլրդ դրամ դոտացիաներ, 1,3 մլրդ դրամ սուբվենցիաներ։ Քաղաքապետին պատվիրակված պարտավորությունների կատարման համար կհատկացվի 46,9 մլրդ դրամ։
Ավետիսյանը հաղորդել է, որ 2026 թվականի համար ծախսերը նախատեսված են 2,7 մլրդ դրամով պակաս, քան 2025թվին, ինչը պայմանավորված է Երևանի քաղաքապետին տրամադրված դոտացիաների և պարտավորությունների կատարման համար հատկացված միջոցների գումարի նվազմամբ։
Մասնավորապես, այդ գումարից ճանապարհների և ենթակառուցվածքի արդիականացման համար կհատկացվի 2,6 մլրդ դրամ, ճանապարհների միջին վերանորոգման համար՝ 1,6 մլրդ դրամ, Իսակով-Արշակունյանց ճանապարհի կառուցման նախագծի համար՝ 7,5 մլրդ դրամ, Սարալանջ-Ավետիսյան-Փափազյան ճանապարհների խաչմերուկի վերանորոգման համար՝ 337 մլն դրամ և այլն: Կիևյան և Լամբադա կամուրջների բարեկարգման համար կհատկացվի 965 մլն դրամ, Ամիրյան փողոցի մայթերի բարեկարգման համար՝ 477 մլն դրամ:
Տրանսպորտի ոլորտի բարեփոխման համար, ըստ նրա, "Երևանի Ավտոբուսներ", "Երևանի էլեկտրատրանսպորտ" և "Երևանի մետրոպոլիտեն" կազմակերպություններին սուբսիդավորման տեսքով կտրամադրվի, համապատասխանաբար, 20,8 մլրդ դրամ, 1,7 մլրդ դրամ և 4,9 մլրդ դրամ: Ընդ որում, մետրոյի ենթակառուցվածքի արդիականացման համար համայնքի բյուջեից կհատկացվի 2,5 մլրդ դրամ, իսկ մետրոյի "Աջափնյակ" նոր կայարանի կառուցման ծրագրին՝ 2 մլրդ դրամ:
2026 թվականին բյուջեի նախագծով շրջակա միջավայրի պահպանության ոլորտի ծախսերի համար կհատկացվի 14,1 մլրդ դրամ, որից 6,1 մլրդ դրամ՝ սանիտարական մաքրման և աղբահանության համար, 360 մլն դրամ՝ 20 փոշի հավաքող մեքենա ձեռք բերելու համար, 642 մլն դրամ՝ 12 բազմաֆունկցիոնալ ինքնաթափների համար։
Քրիստինե Ավետիսյանի ասելով՝ 2026 թվականին մշակութային միջոցառումների իրականացմանը կուղղվի 2,4 մլրդ դրամ, կրթության ոլորտին կհատկացվի 48,2 մլրդ դրամ, սոցիալական ապահովության տարբեր ծրագրերին՝ 592 մլն դրամ:-