
Արմինֆո. «Ինտերնետում՝ ինչպես տանը. իմացիր իրավունքները, գնիր գիտակցաբար»․ նման թեմա է հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում 2026 թվականին աշխատանքի առաջնահերթություն: ԵՏՀ կոլեգիան դեկտեմբերի 24-ի նիստում ընդունել է համապատասխան հանձնարարական Միության երկրների համար։ Ինչպես հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, ընտրված թեման թույլ կտա հասարակության լրացուցիչ ուշադրությունը հրավիրել թվային տարածքում սպառողների և ձեռնարկատերերի փոխգործակցության խնդիրների վրա, կօգնի ամրապնդել նրանց միջև վստահությունը:
2026 թվականին ԵԱՏՄ պետությունները տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ են նախատեսել համացանցում իրավունքների, վարքագծի առանձնահատկությունների և վիրտուալ տարածքում ապրանքների ու ծառայությունների ընտրության վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացման համար:
Առաջիկա աշխատանքը կներառի բոլոր հինգ անդամ պետությունների բնակիչներին: Հանձնաժողովի կողմից անցկացված հարցման տվյալներով՝ Միության երկրների բնակչության 95%-ը Ապրանքներ է գնում առցանց ձևաչափով, նրանց 80%-ը գնում է ոչ միայն ապրանքներ, այլև՝ ծառայություններ: Ընդ որում, ինտերնետ-առևտրի ժամանակ նրանց իրավունքների խախտման հետ կապված խնդիրը գնալով ավելի սուր է դառնում. ԵԱՏՄ երկրների յուրաքանչյուր երկրորդ բնակիչ նման խախտման է բախվել:
2026 թվականի թեման առաջարկվել է Միության երկրների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խորհրդատվական կոմիտեի կողմից ՝ հանձնաժողովի անցկացրած հանրային քվեարկության արդյունքներով ։